Հոգեբանական ծառայություն
Մանկական զարգացման հիմնադրամի կենտրոնում գործում է հոգեբանական ծառայություն, որի շրջանակներում առաջարկվում է խորհրդատվություն, շտկողական և զարգացնող անհատական և խմբային աշխատանքներ աուտիզմի, մտավոր զարգացման խնդիրների, հոգեկան զարգացման հապաղման, տագնապայնության, վախերի, ագրեսիվության, վարքային խնդիրների, հաղորդակցման դժվարությունների, դպրոցի հարմարման հետ կապված բարդությունների և հոգեբանական մի շարք այլ խնդիրների դեպքում: Կենտրոնում իրականացվում է հոգեբանական խորհրդատվություն և խմբային աշխատանք նաև ծնողների հետ:
Լոգոպեդական ծառայություն
Մանկական զարգացման հիմնադրամի կենտրոնում գործում է լոգոպեդական ծառայություն, որի շրջանակներում առաջարկվում է խորհրդատվություն, շտկողական և զարգացնող անհատական և խմբային աշխատանքներ խոսքի զարգացման տարաբնույթ խանգարումների` կակազության, թլվատության, ռնգախոսության, անխոսության, մանկական ուղեղային կաթվածի, աուտիզմի, մտավոր զարգացման խնդիրների, հոգեկան զարգացման հապաղման ժամանակ հանդիպող խոսքային խանգարումների դեպքում:
Հատուկ կրթության մանկավարժի ծառայություն
Հիմնադրամի մանկական զարգացման կենտրոնում գործում է հատուկ կրթության մանկավարժի ծառայություն, որի շրջանակներում առաջարկվում է խորհրդատվություն, շտկողական և զարգացնող անհատական և խմբային աշխատանքներ աուտիզմի, մտավոր և հոգեկան զարգացման հապաղման, դպրոցական ուսուցման նախապատրաստման, ուսումնական ծրագրերի յուրացման դժվարությունների և մի շարք այլ խնդիրների դեպքում:
Սոցիալական աշխատանքի ծառայություն
Հիմնադրամի մանկական զարգացման կենտրոնում գործում է սոցիալական աշխատանքի ծառայություն: Կենտրոնի սոցիալական աշխատողն աշխատում է սոցիալ-հոգեբանական դժվար իրավիճակներում կամ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ընտանիքների հետ` իրականացնելով սոցիալ-իրավական խորհրդատվություն, սոցիալական իրավունքների պաշտպանություն առողջապահության, կրթության ոլորտներում, շահառուներին ուղղորդում է համապատասխան պատասխանատու կառույցներ, բացատրում ծառայություններից օգտվելու կարգը և այլն: Իրականացվում են նաև աշխատանքներ համայնքի կրթական հաստատությունների հետ:
Արտթերապիա / թերապիա արվեստի միջոցով/
Արտթերապևտիկ աշխատանքն իրականացվում է հետևյալ ուղղություններով` իզոթերապիա (նկարչություն, ծեփ), երաժշտական և պարային թերապիա, որոնք հնարավորություն են տալիս օգտագործելով արվեստի հնարավորությունները հասնել դրական փոփոխությունների` անձնային, ինտելեկտուալ, հուզական, հաղորդակցման, վարքային ոլորտներում:
Կենտրոնում գործում է ներառական թատրոնի խմբակ, որի շրջանակներում երեխաները ինքնաճանաչման, ինքնարտահայտման, հաղորդակցման, ստեղծագործական ներուժի ակտիվացման, հասակակիցների հետ համագործակցելու և բեմադրությունների միջոցով ավելի լայն հասարակությանը ներկայանալու հնարավորություն են ձեռք բերում:
Հաղորդակցման ու սոցիալական հմտությունների զարգացման խումբ
Կենտրոնում գործում է հաղորդակցման ու սոցիալական հմտությունների զարգացման խումբ, որտեղ հաշմանդամություն ունեցող երիտասարդները ստանում են ոչ միայն միմյանց հետ հաղորդակցվելու, այլև տարրական սոցիալ-կենցաղային հմտություններ ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու հնարավորություն: Խմբի աշխատանքները իրականացվում են հոգեբանի և հատուկ կրթության մանկավարժի կողմից:
Մասնագիտական գրադարան, խաղասենյակ
Կենտրոնում գործում է նաև գրադարան, որը հարուստ է մասնագիտական գրականությամբ և բաց է մասնագետների, ծնողների և հետաքրքրվող անձանց օգտագործման համար: Հիմնադրամի տարածքում կան նաև խաղասենյակ և խաղահրապարակ, որոնցից կարող են օգտվել ինչպես կենտրոն հաճախող երեխաներն ու նրանց ծնողները, այնպես էլ համայնքի այլ բնակիչները:
Դիզայն լաբորատորիա
Մանկական զարգացման կենտրոնում գործում է իր նշանակությամբ բացառիկ դիզայն լաբորատորիա, որտեղ ստեղծվում են երեխայի կոնկրետ կարիքին համապատասխանող վերականգնողական նշանակություն ունեցող խաղեր ու խաղալիքներ, որոնք պատրաստվում են զանգվածային արտադրության համար` դրանց արդյունավետությունը մասնագետների կողմից գործնականում հիմնավորելուց հետո: Լաբորատորիան, կիրառական արվեստի նմուշների ստեղծման բաժնի հետ համատեղ, մշակում և պատրաստում է տիկնիկներ (պապիե-մաշե), մարիոնետներ և հատուկ զգեստներ մասնագիտացված թատրոնների և թատերախմբերի համար:
Կիրառական արվեստի նմուշների ստեղծման և ուսուցման բաժին
Կենտրոնում գործող կիրառական արվեստի նմուշների ստեղծման և ուսուցման բաժինը աշխատում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների ծնողների (մասնավորապես՝ մայրերի) ներուժի զարգացման ուղղությամբ՝ նպաստելով ինչպես նրանց ինքնարտահայտմանն ու ինքնահաստատմանը, այնպես էլ ընտանիքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը և կնոջ տնտեսական անկախացմանը, զարգացնում նրանց՝ կիրառական արվեստի հմտությունները: Կիրառական արվեստի նմուշների ստեղծման բաժինը, դիզայն լաբորատորիայի հետ համատեղ, մշակում և պատրաստում է տիկնիկներ (պապիե-մաշե), մարիոնետներ և հատուկ զգեստներ մասնագիտացված թատրոնների և թատերախմբերի համար:
Վերապատրաստման դասընթացներ
Մանկական զարգացման հիմնադրամը կազմակերպում և իրականացնում է վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ երեխաների և նրանց խնդիրներով զբաղվող մասնագետների, մանկավարժների, սոցիալական աշխատողների, դեռահասների, ծնողների և ոլորտի այլ դերակատարների համար: Կենտրոնի հմուտ մասնագետները խորհրդատվական և մեթոդական աջակցություն են տրամադրում ոլորտում մասնագիտացող այլ մասնագետների: