Արտ թերապիա տանը

Արտ թերապիա տանը

pexels-photo-94736

 Շատերն են լսել «արտ թերապիա» արտահայտությունը, սակայն քչերը գիտեն, թե ինչ է այն և որտեղ են այն կիրառում: Արտ թերապիան հոգեբանական թերապիայի տեսակ է, որտեղ մասնագետն աշխատում է արվեստի տարատեսակ տեխնիկաներ օգտագործելով: Այն հրաշալի է աշխատում այն դեպքերում, երբ երեխան ունի հույզերի կամ վարքի խնդիրներ և, իհարկե, այն ուղղակի զարգացնում է երևակայությունը և ստեղծարարությունը:

      Ծնողները հաճախ են հարցնում, թե ինչ արտ թերապևտիկ տեխնիկաներ կան, որոնք իրենք էլ կարող են տանը կիրառել երեխաների հետ: Մենք առանձնացրել ենք չորս առավել պարզ արտ թերապևտիկ զբաղմունքներ երեխաների համար:

      1. Ծեփեք

      Ծեփելը երեխաների ամենասիրելի զբաղմունքներից է: Ծեփել կարող եք պլաստիրինով, կավով, խմորով: Որպեսզի խուսափեք խանութից գնված անհայտ ծագմամբ պլաստիրինների վտանգներից, մենք առաջարկում ենք խմոր պատրաստել: Բաղադրատոմսը շատ հեշտ է՝ մեկ բաժին ալյուրը խառնում եք կես բաժին աղի հետ, ավելացնում եք մի քիչ բուսական յուղ և ջուր այնքան, որ այն դառնա պլաստիրինի նման փափուկ: Ցանկության դեպքում կարող եք խառնել նաև սննդային ներկեր:

      Երեխաների հետ կարող եք ծեփել տարբեր կենդանիներ, կարող եք այն գրտնակել և ձողիկով վրան փորագրել: Հաճախ, կարիք էլ չկա կոնկրետ պատկերներ ստանալ, երեխան կարող է ուղղակի խաղալ մատնելով, սեղմել, ձգել, ճզմել: Այն ունի հանգստացնող հատկություն, ինչպես նաև հրաշալի զարգացնում է մանր մոտորիկան: Խմորը հարմար է նաև նրանով, որ այն կարող եք ծեփելուց հետո չորացնել և պահպանել որքան կցանկանաք: Կարող եք այն նաև թխել ջեռոցում:

      2. Նկարեք

      Նկարել սիրում են գրեթե բոլոր երեխաները: Սակայն արտ թերապևտիկ նկարները սովորական նկարներից տարբերվում են նրանով, որ դրանք նպատակային են արվում և օգնում են երեխաներին դժվար իրավիճակներում: Օրինակ, եթե նկատում եք, որ երեխան ունի վատ տրամադրություն, կարող եք նրան խնդրել նկարել այդ տրամադրությունը: Կարող եք նկարել երեխայի երազները կամ վախերը, սակայն այսպիսի նկարների հետ պետք է զգույշ լինել և առանց երեխայի հետ խոսելու, եզրահանգումներ չանել: Կարևոր է, թե երեխան ինչպես է մեկնաբանում իր նկարը: Հնարավոր է, արտաքինից շատ վախենալու թվացող նկարը իրականում լինել շատ պարզ մի բան երեխայի մեկնաբանությամբ:

      3. Կտրատեք և սոսնձեք

      Սա հրաշալի է աշխատում այն երեխաների հետ, ովքեր չեն սիրում նկարել, քանի որ այստեղ օգտագործվում են պատրաստի պատկերներ: Կարող եք երեխային առաջարկել տարբեր ամսագրեր կամ նկարներ, որոնք նա կարող է կտրատել և սոսնձել այլ թղթի վրա: Այս տեխնիկան անվանում են կոլաժի տեխնիկա: Այն հրաշալի զարգացնում է երևակայությունը, որովհետև երեխաները հաճախ չհամադրվող նկարներից սկսում են ընդհանուր պատկերներ ստանալ և դնել դրանք մի թեմայի մեջ: Կոլաժ պատրաստելիս ամսագրերից բացի կորղ եք օգտագործել այն, ինչ կգտնեք տանը՝ լաթեր, թելեր, գունավոր թղթեր, փայլեր, հուլունքներ: Եվ, իհարկե, ինչպես և նկարելը, այս ամենը պետք է նպատակային լինի և քննարկվի երեխաների հետ:

      4. Հեքիաթներ կարդացեք/հորինեք

      Հեքիաթները երեխաների անբաժանաելի ընկերներն են: Հաճախ հեքիաթներ կարդացեք նրանց համար: Դրանց միջոցով երեխան ծանոթանումէ կյանքի տարբեր իրավիճակների, տարբեր երևույթների , հերոսների տարբեր վարքաձևերի հետ: Դա անփոխարինելի կենսափորձ է և զարգացնում է երեխաների հուզական դաշտը: Կարդալուց բացի կարող եք երեխայի հետ միասին հեքիաթներ հորինել: Կան հեքիաթներ հորինելու բազմաթիվ ձևեր: Դրանցից մեկն է, օրինակ, վերցնել երկու իրար հետ կապ չունեցող բառ, համադրել դրանք մի վերնագրի մեջ և այդ վերնագրով հեքիաթ հորինել: Եթե տեսնում եք, որ երեխան ունի կոնկրետ հոգեբանական խնդիր, կարող եք առաջարկել նրան հորինել այդ խնդրի մասին հեքիաթ: Հաճախ երեխաները ուղղակիորեն չեն պատմում ծնողներին որևէ խնդրի առկայության մասին: Հեքիաթը այս պարագայում միջնորդ է հանդիսանում և երեխաները այնտեղ արտահայտում են այն, ինչ ուղիղ չեն ասի, կամ կդժվարանան ուղիղ ձևակերպել:

      Ահա չորս պարզ և հեշտ կիրառելի տեխնիկաները, որոնք առաջարկում ենք մենք: Համոզված ենք, որ դրանք կօգնեն ձեզ ավելի հեշտ հասկանալ ձեր երեխաներին և զարգացնել նրանց երևակայությունը: