Ինչպես են երեխաները հաղթահարում դժվարությունները

Ինչպես են երեխաները հաղթահարում դժվարությունները

        people-eyes-playing-youngԲոլորս կյանքում ունենում ենք դժվարություններ: Ամենքս ունենք դժվար իրավիճակներից դուրս գալու մեր ձևերը: Երեխաների մոտ այդպիսի իրավիճակներն ավելի շատ են, քանի որ իրենք կյանքի փորձի ձեռք բերման ակտիվ փուլում են: Իսկ ինչպես են մեր երեխաները հաղթահարում իրենց դժվարությունները և խնդիրները կամ ինչպես են պաշտպանում իրենց նման իրավիճակներում, փորձենք պարզել միասին:

     Երեխաների, ինչպես և մեծահասակների մոտ հոգեբանական պաշտպանությունը երկու մակարդակով է ընթանում՝ ենթագիտակցական և գիտակցական: Ենթագիտակցական մակարդակում, օրինակ, կարող ենք առանձնացնել ընդդիմությունը, որը երեխայի ակտիվ բողոքն է մեծահասակների կանոններին և պահանջմուքններին, կոմպենսացիան , որի դեպքում երեխան փորձում է մի ոլորտի անհաջողությունը լրացնել մեկ այլ ոլորտում հաջողությունով, արտամղումը, որնուղղված է բացասական հույզերի նվազմանը՝ գիտակցությունից ջնջելով այն ամենը, ինչ արթնացնում է այն և այլն:

    Գիտակցական մակարդակում երեխաներն արդեն այլ վարք են դրսևրում: Օրինակ, կարող են գնալ համագործակցության, կարող են աջակցություն փնտրել, փորձեն շեղել իրենց հաճելի զբաղմունքներով և դժվարություն առաջացնող գործոնից դուրս գալ՝ մեկուսանալ, հանգստանալ:

        Ավելի մեծ տարիքում երեխաները դիմում են նաև ինտելեկտուալ մակարդակին, օրինակ, փորձում են իրավիճակի մասին հավելյալ տեղեկատվություն փնտրել, հասկանալ իրավիճակը, մտածեն հետևանքների մասին, համեմատել իրավիճակները և մարդկանց: Պաշտպանությունը առհասարակ ձևավորվում է միջանձնային հարաբերությունների արդյունքում: Երեխայի համար վաղ միջանձնային հարաբերություններն ապահովում են ծնողները: Ուստի պաշտպանության ձևավորման մեջ մեծ դեր ունեն հենց ծնողները: Հաճախ երեխաները ուղղակիորեն յուրացնում են ծնողների կողմից դրսևրովող պաշտպանական վարքը: Կարող է լինել նաև հակառակը՝ երեխան կարող է պաշտպանվել ծնողի բացասական ազդեցությունից:

     Առաջինի դեպքում երեխան յուրացնում է պաշտպանվելու ձևը՝ ամրապնդելով կամ կրկնօրինակելով ծնողի վարքը: Այստեղ ընդգծվում է ընտանիքի դերը՝ որպես հասարակության հոգեսոցիալական միջնորդ, ով երեխայի զարգացման գործընթացում պիտի իրականացնի տարբեր պաշտպանական մեխանիզմներ՝ որպես սոցիալական ադապտացիա:

   Երբ ասում ենք ծնողների կողմից բացասական ազդեցություն, ի նկատի ունենք երեխայի բազային պահանջմունքները չբավարարելը: Այսպես, եթե երեխան չունի ճիշտ և մշտական մայրական խնամք, նրա մոտ զարգանում է լարվածության հիվանդագին վիճակ: Սառը և անտարբեր մայրերի մոտ երեխաները հաճախ լարված են լինում: Նրանք օտարացված վիճակում են հայտնվում: Երեխայի պաշտպանության կառուցվածքի վրա ազդում են ոչ միայն անտարբերությունն ու սառնությունը, այլ նաև մոր իշխանականությունը: Իշխանական մայրերի երեխաների մոտ հաճախ է դրսևորվում վաղ լարվածություն, որը հետագայում վերածվում է ամաչկոտության, կայուն վախերի, բարձր տագնապայնության: Նույն վնասակար ազդեցությունն ունի մայրական գերխնամքը, երբ չեն բավարարվում երեխայի ինքնուրույնության և անկախության պահանջմունքները :

       Կարևոր է հասկանալ կամ զգալ այն սահմանը՝ որտեղ է կարելի ընդառաջել և օգնել երեխային, և որտեղ թույլ տալ նրանց ինքնուրույն հաղթահարեն խնդիրը: Այստեղ օգնության կարող է հասնել ծնողական ինտուիցիան և մեր անձնական դրական կենսափորձը: Եվ, ամենակարևորը, պետք է միշտ հիշել, որ երեխան էլ պետք է ձեռք բերի սեփական կենսափորձը՝ հիմնված սեփական արարքների և սխալների վրա: