07 Apr.2016

Մանկական զարգացման հիմնադրամի «Մենք ենք» ներառական թատրոնը գործում է 2003թ-ից, երբ կենտրոնը իր գործունեությունը ծավալում էր Վորլդ Վիժն Հայաստանի «Ներառական կրթություն» ծրագրի շրջանակներում: Այն ունի թերապևտիկ ազդեցություն երեխաների զարգացման վրա, ինչպես նաև նպաստում է նրանց ինքնաճանաչմանը, ինքնահաստատմանը, ստեղծագործականությանը և հասակակիցների հետ շփման կառուցմանը: Ներառական թատրոնը յուրահատուկ միջոց է հաշմանդամության և մարդկանց կարողությունների անսահմանության մասին հասարակական ընկալումների փոփոխության համար:
Ներառական թատրոնը իր շուրջ համախմբում է հաշմանդամություն ունեցող և չունեցող ավելի քան 30 երեխա, ովքեր միասին են մշակում ներկայացումների սցենարները, ստեղծագործում իրենց դերերը և հանդիսատեսին ներկայացնում հայտնի ստեղծագործությունների յուրօրինակ մեկնաբանություններ:
Մինչ այժմ թատերախումբը Հայաստանի տարբեր շրջանների մեծ դահլիճներում ունեցել է ավելի քան 25 ներկայացում:












