Երեխաների հետ թերապևտիկ աշխատանքում հարաբերությունները լավագույնս ձևավորվում են խաղի միջոցով:
Խաղային թերապիան ժամանակակից հոգեբանության համեմատաբար նոր մեթոդ է և միտված է օգնելու երեխաներին հոգեկան առողջության հետ կապված դժվարություններում:
Խաղային թերապիան սովորաբար անց է կացվում հատուկ կահավորված խաղասենյակում, որտեղ հիմնական գործիքները խաղալիքներն են: Այստեղ ստեղծված է աջակցող ու անվտանգ միջավայր, ուր երեխան կարողանում է ամբողջովին արտահայտել իր հույզերն ու մտքերը, որտեղ նա ընդունված ու հասկացված է։ Թերապիայի այս տեսակը հիմնականում կիրառվում է երեխաների և դեռահասների հետ:
Մեզ համար սովորական թվացող մանկական խաղերը իրականում լի են իմաստով: Խաղալու ընթացքում դրանք բացահայտվում են այնտեղ, որտեղ երեխայի համար դժվար է բառեր գտնելը: Երեխան կարող է օգտագործել խաղալիքներ՝ ասելու բաներ, որոնք չի կարող արտահայտել խոսքով, խաղարկել չգիտակցված ապրումներ կամ հույզեր: Խաղը երեխայի ինքնարտահայտման խորհրդանշական լեզուն է և հաղորդակցման կարևոր միջոց նրա համար:
Խաղային թերապիայի ընթացքում երեխայի խաղային վարքագծի ըմբռնումը և խաղի բովանդակությունը մասնագետին տալիս են հուշումներ, որոնց շնորհիվ վերջինս կարողանում է լիարժեք ըմբռնել երեխայի ներքին հուզական կյանքը և օգնել նրան հաղթահարել վախերը, անհանգստությունը, ագրեսիան,հասկանալ սեփական հույզերը և սովորել արտահայտել դրանք, բարձրացնել ինքնագնահատականը, բացահայտել և զարգացնել ներքին ռեսուրսները, բարելավել հաղորդակցման հմտությունները, անընդունելի վարքը փոխարինել ընդունելիով և այլն։
Երեխայի խաղը հետաքրքիր խորհրդանիշերով լի աշխարհ է, որի վերծանումը տալիս է շատ խնդիրների լուծման բանալիներ: