Մուլտերը ստեղծված են ծառայելու որպես միջոց` երեխայի դաստիարակության, աշխարհաճանաչողության, անձի կերտման, ազգային մշակույթի հետ ծանոթանալու համար: Հետևաբար, մուլտֆիլմի ազդեցությունը երեխայի հոգեբանական, վարքային և սոցիալական զարգացման վրա հսկայական  է:

Այսօր, տեխնոլոգիական սրընթաց զարգացումները հանգեցրել են նրան, որ այլևս անհետանում են սահմաններն, ըստ որոնց, երեխան մուլտից կարող է ստանալ իրեն անհրաժեշտը` առանց «վնասվելու»։

Փորձը ցույց է տալիս, որ խոսքի զարգացման հապաղման կամ դժվարությունների առաջացման սոցիալական պատճառների մեջ առանձնանում են հատկապես մուլտերը։

Մինչև 3 տարեկան հասակը երեխայի խոսքի զարգացումը դեռևս գտնվում է ընթացիկ փուլում, երբ գլխուղեղում խոսքի համար պատասխանատու կենտրոնները ձևավորվում և ավարտվում են։ Ուստի այս շրջանում հատկապես կարևոր է գրագետ զբաղվել երեխայի զարգացմամբ:

Մինչ 3 տարեկանն անհրաժեշտ է հնարավորինս խուսափել օտարալեզու շփումից, առավելևս` օտարալեզու մուլտերից։

Պետք է գիտակցել, որ եթե երեխան 3 տարեկանում օտարալեզու բառեր կամ արտահայտություններ է սովորում մուլտերից, նա դա ավելի լավ կկարողանա անել տարիքային համապատասխան փուլում: Վաղ տարիքում այս ամենը հանգեցնում է նրան, որ երեխայի գլխուղեղում խոսքի կենտրոնները գերծանրաբեռնվում են, ինչի հետևանքները հաճախ կարող են բերել խոսքի զարգացման դժվարությունների։ Այն շատ հաճախ խաթարում է խոսքի հաղորդակցման ֆունկցիան, երբ երեխան դժվարանում է արտահայտել սեփական մտքերը, զգացմունքներն ու ցանկությունները։ Օտարալեզու մուլտերը դժվարացնում են ուղղված խոսքի ընկալումը, սահմանափակում են շփման համար անհրաժեշտ բառապաշարը, աղավաղում խոսքի քերականությունն ու շարահյուսությունը, երեխան չի կարողանում կազմել նախադասություն, ձևակերպել միտք, տուժում է նաև լեզվի հնչյունային կազմը։

Երեխան շատ հաճախ լինում է չհասկացված, առավելևս` 3-4 տարեկանում, երբ լեզվի հնչյունային կազմը կարող է ամբողջովին ձևավորված չլինել։ Ծնողի մոտ թյուր կարծիք է ստեղծվում, թե երեխան խոսում է մի քանի լեզվով, մինչդեռ, իրականում, երեխան չի կարողանում լիարժեք հաղորդակցվել։

Խորհուրդ չի տրվում դիտել հատկապես այնպիսի մուլտեր, որտեղ խոսքին փոխարինում են իմաստ չարտահայտող հնչյունակապակցություններ` տարօրինակ ձայնային ինտոնացիաներով։ Այստեղ վարքը ասոցացվում է տվյալ հնչյունակույտերի հետ, և երեխան իր առօրյայում հանդիպող նմանատիպ իրավիճակում սկսում է օգտագործել իրեն հասանելի և հաճելի հերոսի կողմից մատուցված իմաստ չարտահայտող կապակցությունները։ Պետք է հիշել, որ երեխայի համար հեշտ է ընդօրինակել մուլտհերոսի կողմից արտահայտված այն խոսքը, որը որևէ իմաստ չի պարունակում և ուղղված չէ երեխային:

Արդարացիորեն կարող է հարց առաջանալ, որ հայերեն մուլտերը քիչ են, բարդ են և դյուրընկալ չեն երեխաների համար։ Այստեղ պետք է հիշել, որ հայկական մուլտերը հիմնականում հեքիաթներից են, որոնք մենք կարող ենք նախօրոք պատմել, մեկնաբանել, բացատրել երեխային` մուլտերը դարձնելով ավելի հասանելի։ Սա էլ իր հերթին կնպաստի երեխայի հետ անմիջական շփման միջոցով նրա խոսքի ու երևակայության զարգացմանը, կխթանի ծնողի հետ հուզական, կենդանի շփումը: Երեխայի մոտ կամրապնդի ծնողի հեղինակությունը` երկրորդական դերում թողնելով մուլտերի դրական կամ բացասական հերոսներին: