Կա թյուր կարծիք, որ եթե երեխայի համար գնեք բազում զարգացնող խաղեր, ապա դրանցով ինքնուրույն խաղալով երեխան կզարգանա: Դա, իհարկե, այդպես չէ: Ավելին, ցանկացած առարկա, որ խաղ չէ և ոչ էլ խաղալիք, ճիշտ օգտագործման դեպքում կարող է վերածվել զարգացնող խաղի: Այստեղ, իհարկե, անհրաժեշտ է մասնագիտական գիտելիք և մոտեցում, բայց այսօր սրա մասին չէ, որ ուզում ենք խոսել:

Իսկ այ զարգացնող խաղերը մշակված են այնպես, որ ոչ մասնագետը նույնպես կարող է ինքնուրույն կամ փոքրիկ ուղղորդմամբ կիրառել և խաղալ երեխայի հետ` զարգացնելով որևէ կարողություն կամ հմտություն:

Սակայն բոլոր դեպքերում երեխայի հետ պետք է խաղալ, կամ հետևել երեխայի խաղին` ըստ անհրաժեշտության ուղղորդելով այն` չսահմանափակելով նրա ստեղծագործ միտքը: Խաղն ինքնանպատակ չէ: Այն երեխայի առաջնային գործունեությունն է: Այս փուլում են ձևավորվում ու զարգանում հետագա ողջ կյանքի համար անհրաժեշտ կարողությունների ու հմտությունների սաղմերը:

Խաղը կարող ենք համարել արդյունավետ, եթե առկա է 2 պայման.

  • ապահովում է երեխայի խոսքի, իմացական, հոգեկան գործընթացների զարգացում,
  • հաճույք է պատճառում երեխային։

Ահա 4 կանոն, որ կօգնեն Ձեզ արդյունավետ կազմակերպել երեխայի խաղը.

  1. Երեխայի հետ միասին ընտրեք խաղի սյուժեն կամ խաղալիքները` նախապատվությունը տալով երեխայի ընտրությանը:
  2. Խաղը սկսեք պարզ կանոններից և բարդացրեք աստիճանաբար: Արագ կամ միանգամից կատարվող բարդացումները կարող են անհասկանալի լինել երեխայի համար, ինչի արդյունքում նա կկորցնի հետաքրքրությունը:
  3. Խաղի ընթացքում երեխայի հետ համատեղ կատարեք գործողություն և խոսքով, զուգահեռաբար, մեկնաբանեք կատարվող գործողությունը:
  4. Ձեր խնդիրը պետք է լինի հետաքրքիր դարձնել խաղը և ներառել հաղորդակցումը, իսկ նախաձեռնությունը պետք է թողնել երեխային: Անհրաժետ է, որ երեխան ամրապնդի ձեռք բերած հմտությունները առօրյա կյանքում, սովորի լինել ինքնուրույն հաճույք ստանա խաղից: