Հարց`

Երեխաս 2 տարեկան է, ամեն ինչ հասկացնում է, բայց մի քանի բառ է ասում և ոչ լիարժեք։ Ինչպե՞ս կարող եմ օգնել, որ սկսի շուտ խոսել։

Պատասխան`

Համընդհանուր պատճառներ, որոնք կարող են առաջացնել խոսքի զարգացման հապաղում, չկան։ Սակայն պետք է հիշել, որ ցանկացած խնդրի հիմքում ընկած է երկու գործոն՝ սոցիալական և կենսաբանական։ Կենսաբանական գործոնի պարագայում խնդիրը բխում է օրգանիզմի գործունեությունից, իսկ սոցիալականի դեպքում խնդիրն առաջանում է սոցիալական միջավայրի ազդեցությունից։

Նշեմ, որ սոցիալական գործոնը կարող է խորացնել կենսաբանական պատճառը։

Նախ անդրադառնամ խնդրի սոցիալական գործոնին։

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչ կարող է անել ծնողը զարգացնելու համար երեխայի խոսքը կամ, առնվազն, չնպաստելու խնդրի խորացմանը։

  1. «Չհասկանա» երեխային: Շատ հաճախ ծնողները գուշակում են երեխայի ցանկությունները և առանց խոսքի հասկանում նրան՝ թույլ չտալով երեխային խոսել։ Այս պարագայում երեխային բառերը պետք չեն գալիս, նա չի գտնում դրանց անհրաժեշտությունը և չի ցուցաբերում հետաքրքրություն խոսքի հանդեպ։ Այս դեպքում լավագույն տարբերակը կլինի խոսքի հապաղումը՝ իր բոլոր հետևանքներով, իսկ վատագույն դեպքում՝ հարցերը, որպես հաղորդակցման միջոց, կդադարեն ծագել երեխայի մոտ:
  2. Անպայման պետք է հաշվի առնել երեխայի ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները երեխային կերակրելիս։ Ունենալով բնազդային վախեր ուտելիս խեղդվելու հետ կապված՝ շատ հաճախ ծնողները շատ են մանրացնում ուտելիքը, որ հեշտ լինի ծամել կամ ուղղակի կուլ տալ։ Այս պարագայում չեն զարգանում երեխայի արտաբերական ապարատի՝ բերանային համակարգի մկանները։ Մկաններն ուղղակի չեն չեն օգտագործվում և չեն զարգանում, իսկ արդյունքում երեխան ֆիզիկապես չի կարողանում խոսել:
  3. Պետք չէ երեխայի մոտ ձևավորել վախեր նոր շրջապատի հանդեպ՝ տարածելով սեփական մտավախությունները երեխայի հոգեբանության վրա։ Շատ հաճախ ծնողը կարծում է, որ նոր միջավայրում (խաղահրապարակներ, մանկապարտեզ և այլն) երեխան պետք է ունենա դժվարություններ, որ նրան կարող են նեղացնել։ Այստեղ սկսվում է հաղորդակցման սահմանափակում։ Նույն վերաբերմունքը շատ հաճախ նաև մասնագիտական պարապմունքների հանդեպ է, ինչի դեպքում արդյունքը գոհացուցիչ չէ։
  4. Պետք չէ աշխատել երեխայի փոխարեն։ Հաճախ ամեն ինչ ծնողներն իրենք են անում երեխայի փոխարեն, այլ ոչ թե պարզապես օգնում են նրանց։ Օրինակ՝ տնային առաջադրանքները կատարելիս նկարել, գրել, որևէ խնդիր լուծել և այլն: Նույնը՝ առօրյա գործունեության մեջ՝ լվացվելիս, հագնվելիս և այլն։ Արդյունքում երեխան դադարում է մտածելով զարգանալ, դադարում է կարևորել սեփական փորձը՝ չվստահելով սեփական ուժերին և չճանաչելով իր հնարավորությունները։
  5. Եթե գիտենք, որ կա դժվարություն, չպետք է խույս տալ դրանից կամ մերժել այն՝ դիմելով հոգեբանական փախուստի։ Դրանով միայն կկորցնեք ժամանակ, ինչը հաշվարկված է երեխայի զարգացման մեջ։
  6. Աշխատեք խուսափել «կրկնիր», «ասա» բառերից։ Հաճախ այսպիսի պահանջները երեխայի մոտ առաջացնում են խոսքային նեգատիվիզմ, երբ երեխան ուղղակի չի սիրում խոսել, որովհետև իրենից միշտ պահանջում են դա անել։ Պետք է գիտակցել, որ այս մեթոդով խոսքը չեն յուրացնում։ Ամենաճիշտ տարբերակը խաղային իրավիճակներ կիրառելն է։
  7. Ժամանակին դադարեցնել ծծակի օգտագործումը, հետագայում՝ նաև տակդիրը։ Հաճախ, խուսափելու համար լացից կամ ամեն ինչ բերանը տանելուց, երկարում է ծծակի օգտագործման ժամանակահատվածը, մինչդեռ, այն ունի իր վնասները:
  8. Երեխայի հետ պետք է լիարժեքորեն շփվել վաղ մանկական հասակից, այլ ոչ միայն խնամել նրան։ Տարիքի հետ, աստիճանաբար, պետք է ընտելացնել նրան աշխատանքի՝ հավաքելով խաղալիքները, մաքրելով հացահատիկները, անելով առօրյա գործողություններ՝ հետզհետե մոտենալով ռեալ կյանքին։
  9. Պետք է խաղալ երեխայի հետ, քանի որ այն անփոխարինելի նշանակություն ունի երեխայի զարգացման գործում։

Երեք տարեկանում երեխային պետք է ազատ թողնել՝ ճանաչելու աշխարհը, որպեսզի նա, կարողանալով պաշտպանել անձնական տարածքը, դուրս գա հաղորդակցման շրջապատի հետ։ Այս փուլում ևս, երեխայի համար կարևոր է Ձեր օգնությունն ու աջակցությունը, վստահությունը, որ Դուք միշտ նրա կողքին եք:

Կենսաբանական գործոնով պայմանավորված խնդիրների դեպքում անհրաժեշտ է մասնագիտական միջամտություն: Միշտ հիշեք, որ որքան վաղ կատարվի ախտորոշում և սկսվի մասնագիտական աշխատանք տարվել երեխայի հետ, այնքան ավելի դրական կլինի արդյունքը։

*Հարցին պատասխանեց Մանկական զարգացման հիմնադրամի լոգոպեդ/հատուկ մանկավարժ Անի Սարգսյանը: