0-1 տարեկան

Շարժողական ոլորտ

Խոշոր շարժումներ

  1. Երեխան սկսում է դրսևորել խոշոր շարժողական տարրական հմտություններ:
  2. Հենվում է ոտքերին մի քանի վայրկյան տևողությամբ, երբ ոտքերը պինդ մակերեսի վրա են: Օրինակ, երբ երեխային կանգնեցնում են հատակին, նա 3-4 վայրկյան հենվում է ոտքերին:
  3. Գլորվում է երկու ուղղությամբ` փորից մեջքի վրա և հակառակը:
  4. Երեխան մնում է նստած դիրքում առանց օգնության` պահպանելով հավաասարակշռությունն առնվազն 10 վայրկյան:
  5. Մեկ դիրքից շարժվելով այլ դիրք է ընդունում: Փորի վրա կարողանում է առաջ կամ հետ շարժվել, որից հետո կարողանում է նստել: Նստած դիրքում ազատ շարժումներ է անում իր առանցքի շուրջը:
  6. Չոչ է անում` կատարելով առնվազն 3 «քայլ»:
  7. Կանգնում է՝ ինչ-որ բանից բռնվելով: Օրինակ, կահույքից բռնելով` բարձրանում է, կանգնում և առանց մարմնով հենվելու` մնում է ուղղահայաց դիրքում կանգնած:
  8. Քայլում է օգնությամբ կամ ինչ-որ բանից բռնելով՝ կատարելով առնվազն 5 քայլ:
  9. Ինքնուրույն քայլելու փորձեր է անում: Մեծահասակի ձեռքը բաց թողնելով` մի քանի քայլ է անում:
  10. Նստած դիրքում կատարում է պարզագույն գործողություններ: Օրինակ, հրում է փոքր գնդակը, կամ երկու ձեռքով բռնած գնդակը բաց է թողնում, որ վայր ընկնի:

Նուրբ / մանր շարժումներ

  1. Երեխան սկսում է ցուցաբերել ձեռքի և մատների շարժումների կառավարման հմտություններ:
  2. Բռնում է խաղալիքը: Առարկան մի ձեռքից մյուսն է փոխանցում:
  3. Մատներով (բութ ևցուցամատ) վերցնում է մանր առարկաներ:
  4. Երկու ձեռքերն օգտագործում է առարկան բռնած պահելու համար:
  5. Յուրաքանչյուր ձեռքում միաժամանակ պահում է մեկական առարկա:
  6. Ինքնուրույն տեղաշարժում է առարկան: Օրինակ, դիտմամբ բաց էթողնում շիշը կամ նետում է այն հատակին: Օրինակ, թելով կապված առարկան մոտեցնելու համար քաշում է թելից, կամ բացում է դարակը և հանում պարունակությունը:
  7. Մեկ առարկան տեղավորում է մյուսի մեջ: Փոքր իրերը գցում է բաժակի մեջ: Խաղալիքը հանում է տուփից ու նորից հետ է դնում:

——

*Սույն չափորոշիչները վերցված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի  (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) «Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» ձեռնարկից և հաստատված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-ն հրամանով: