«Սիրելի ծնողներ, երբ ինձ համար շատ խաղալիքներ եք գնում, ես ուզում եմ խաղալ միաժամանակ բոլորով, որովհետև շա՜տ եմ սիրում նոր բաներ: Հերթով բացում եմ, արագ նայում, իսկ հետո արդեն դրանք հետաքրքիր չեն լինում ինձ համար: Մինչդեռ, եթե ես կենտրոնանամ 1 կամ 2 խաղալիքի վրա, այնպիսի բաներ կսկսեմ երևակայել, որ մտքներովդ էլ չի անցնի: Ա՜յ թե կզարգանամ…:

Շատ եմ խնդրում, մի թողեք, որ ես  մենակ խաղամ խաղալիքներիս հետ: Ախր դրանք չեն խոսում, չեն զրուցում հետս, չեն պատմում իրենց մասին ու չեն պատասխանում հարցերիս: Երբեմն էլ, այնքան լուռ ու համառ են, որ չեն հասկանում ինձ ու զայրույթից կոտրում եմ դրանք: Հետո, իհարկե, տխրում եմ, բայց միևնույն է զայրանում եմ, որ չհասկացավ:  Գիտե՞ք, ես ինձ այնքա՜ն երջանիկ եմ զգում, այնքա՜ն եմ ջերմանում, երբ դու, մայրիկ, կամ հայրիկը, նստում եք կողքիս` հատակին ու խաղում ենք միասին: Աշտարակներ ու ամրոցներ ենք կառուցում, գնացքով տարբեր քաղաքներ ենք հասնում մտովի, զվարճալի կենդանիների ձայներ ենք հանում, բա ավտոմրցաշարերն ու մրցույթները՜…

Մի բան էլ ասեմ: Ինձ շատ է դուր գալիս խաղալ մեր ճաշի կաթսայի չխկչխկան կափարիչով, լվացքի գույնզգույն ամրակներով, մայրիկի շրթներկով կամ տատիկի փայլուն կոճակներով ու երկար ուլունքներով, բա հայրիկի սափրվելու փրփուրը՜»: