Որքան էլ մասնագետները բարձրաձայնում են էկրանների բացասական ազդեցության մասին, միևնույն է, խնդիրը դեռևս մնում է արդիական և մեզ հաճախ դիմում են ծնողներ, որոնց երեխաների զարգացման դժարությունների առաջացման պատճառներից մեկն էլ էկրանների գերակայությունն է երեխայի կյանքում։
Այդ իսկ պատճառով, հարկ ենք համարում կրկին անդրադառնալ այս խնդրին և տրամադրել ծնողներին մասնագիտական խորհուրդներ։ Առավել հետևողական պետք է լինեն հատկապես այն ծնողները, որոնց երեխաների մոտ առկա է զարգացման որևէ դժվարություն, կամ հապաղում է խոսքը։
Սիրելի ծնողներ, ահա մի քանի խորհուրդ, որոնց հետևելով կարող եք բացառել կամ նվազագույնի հասցնել էկրանների բացասական ազդեցությունը Ձեր երեխայի ընդհանուր զարգացման և մասնավորապես` խոսքի զարգացման վրա:
— Վերահսկեք, թե օրվա ընթացքում երեխան որքան ժամանակ է անցկացնում էկրանների առջև: Ըստ Մանկավարժների ամերիկյան ասոցիացիայի սահմանված է հետևյալ ժամանակաչափը.
— մինչև 2 տարեկան` պետք է բացառել,
— 2-5 տարեկան՝ օրական 1 ժամից ոչ ավելի (ընդմիջումներով),
— 5-18 տարեկան՝ 2 ժամից ոչ ավելի (ընդմիջումներով):
— Վերահսկեք, թե ինչ բովանդակություն ունի երեխայի դիտած մուլտֆիլմը, հաղորդումը, ֆիլմը կամ խաղը։ Նախընտրությունը տվեք միայն դաստիարակչական և ուսուցողական մուլտֆիլմներին, հաղորդումներին, ֆիլմերին կամ խաղերին։ Սա թույլ կտա երեխային հեռու պահել ագրեսիա, վախ կամ բացասական այլ հույզեր հարուցող մուլտերի, խաղերի ու հաղորդումների ազդեցությունից: Եթե երեխան միայն իր ընտրությամբ նայի որևէ նյութ, հնարավոր չի լինի կանխատեսել, թե երեխան այն ինչ ձևով կընկալի և հետագայում այդ ամենն ինչ ձևով կանդրադառնա նրա վարքի և մյուս գործընթացների վրա:
— Դիտման ընթացքում եղեք երեխայի կողքին, ցուցաբերեք հետաքրքրասիրություն, քննարկեք երեխայի հետ այս կամ այն իրավիճակը, մեկնաբանեք, վերլուծեք։ Միասին ընտրեք որևէ ուսուցողական մուլտֆիլմ, նայեք և ակտիվորեն արտահայտելով ձեր հույզերը` քննարկեք այն, մեկնաբանեք տեղի ունեցող գործողությունները երեխայի համար: Այս կերպ կնպաստեք երեխայի խոսքի, մտքի, ընկալման զարգացմանը: Հիշեք, որ խոսքը ձևավորվում և զարգանում է շփվելիս, հույզերի դրսևորումների արդյունքում: Այս դեպքում արդեն դիտումը երեխայի համար կդառնա նպատակային, կունենա զարգացնող և դաստիարակչական նշանակություն:
— Կարևոր է նաև հաղորդման / մուլտֆիլմ, ֆիլմ և այլն…/լեզվի ընտրությունը: Եթե երեխայի խոսքի զարգացումը տարիքին չի համապատասխանում, ապա բացառեք օտարալեզու մուլտերը, իսկ եթե երեխան կարողանում է հստակ, քերականորեն և շարահյուսորեն ճիշտ շարադրել իր մտքերը մայրենի լեզվով, ապա կարող եք թույլ տալ օտարալեզու մուլտերի դիտումը՝ պահպանելով վերոնշյալ խորհուրդները:
Նշենք նաև, որ նյութը ընտրելիս պետք է հաշվի առնել երեխայի տարիքը, նախասիրություններն ու զարգացման մակարդակը:
Հիշեք, որ էկրանների չարաշահման և կախվածության հետևանքով շատ հաճախ կարող են դրսևորվել.
- ուշադրության կենտրոնացման և պահպանման դժվարություններ,
- հուզական անկայուն դրսևորումներ,
- սահմանափակ բառապաշար, հաղորդակցման դժվարություններ,
- վարքային դրսևորումներ,
- ընկալման դժվարություններ,
- համագործակցության բացակայություն (երբ երեխան, օրինակ, խաղում է միայնակ),
- իրավիճակ, երբ երեխան դժվար է արձագանքում անվանը կամ ընդհանրապես չի արձագանքում,
- վախեր:
Վերոնշյալը միայն հաճախ հանդիպող դեպքերն են, սակայն ցանկն այսքանով չի սահմանափակվում: Սիրելի ծնողներ, հիշեք, որ երեխայի ներդաշնակ զարգացումից բացի, այն, ինչով զբաղվում և կարևոր եք համարում այսօր, վաղը հնարավոր է առհասարակ նշանակություն չունենա Ձեզ համար: Իսկ երեխայի առողջ և ներդաշնակ զարգացումը մշտապես լինելու է առաջնային կարևորության: Այն պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք և նվիրում: