0-1 տարեկան
Իմացական ոլորտ
Մտածողություն և տրամաբանություն
- Երեխան հետազոտում է առարկաները:
- Փորձում է ճանաչել իր շրջապատը՝ աչքերի, բերանի, ձեռքերի միջոցով: Ձեռքը վերցրած խաղալիքը/իրը տանում է բերանը: Ձեռքերով տարբեր գործողություններ է կատարում առարկաների հետ. խփում է, թափահարում է, գցում է:
- Դրսևորում է աչք-ձեռք կոորդինացիայի տարրական կարողություններ: Երեխան տեսնում է խաղալիքը և մեկնում է ձեռքը:
- Փնտրում է տեսադաշտից անհետացած առարկան: Հայացքով փնտրում է իր ներկայությամբ թաքցված առարկան: Խաղում է «պահմտոցի» («Ծիկ» կամ ծիկրակել խաղը): Երբ հեռացնում են խաղալիքը, երեխան հայացքը տարբեր կողմեր է ուղղում:
- Կենցաղային իրերն օգտագործում է ըստ նշանակության: Գդալը վերցնում է և մոտեցնում բերանին: Վերցնում է սանրը և քսում է գլխին:
- Կրկնօրինակում է պարզ գործողություններ: Ծափ է տալիս` կրկնօրինակելով մեծահասակին:
- Կատարում է որոշակի գործողություններ ցուցամատով: Օրինակ, ցուցամատով խառնում կամ հրում է փոքր առարկաներ:
- Երեխան հասկանում է իրադարձությունների հաջորդականությունը և պարզ պատճառահետևանքային կապերը:
- Մի քանի անգամ կրկնում է միևնույն գործողությունը`իրեն հետաքրքրող տպավորությունները երկարաձգելու կամ իր ցանկացածին հասնելու համար: Խփում է չխկչխկան խաղալիքին` ձայնը անընդհատ լսելու համար: Պարբերաբար փորձում է բացել տուփի կափարիչը, եթե առաջին անգամ չի ստացվում:
- Գտնում է կապը առարկայի և երևույթների միջև: Երբ տեսնում է գիշերազգեստը, սկսում է քաշելով հանել գուլպաները:
Ուշադրություն, հիշողություն
- Երեխան դրսևորում է ուշադրության կենտրոնացում և պահպանում:
- Ուշադրությունն ուղղում է դեպի տարբեր տիպի խթանիչները: Հայացքով սկսում է հետևել գույնով, ձայնով կամ շարժումով իր ուշադրությունը գրաված առարկաներին: Երբ չխկչխկացնում են ձայն հանող խաղալիքը, երեխան ուշադիր նայում է խաղալիքին:
- Լսում է երգ կամ փոքրիկ հեքիաթ՝ դեռևս չհասկանալով դրա բովանդակությունը: Ուշադիր լսում է, երբ մայրը նրա համար երգում է կամ քառյակ է արտասանում:
- Երեխան մտապահում և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա: Ճանաչում է ծանոթ դեմքեր, առարկաներ: Երբ երեկոյան տեսնում է հորը, ժպտում և ձգվում է դեպի նա:
- Երբ առաջարկում են, փնտրում և գտնում է ծանոթ առարկան, եթե նախապես տեսել է, թե որտեղ են այն դրել: Երբ տատիկն ասում է. «Բե՛ր քո փոքրիկ գնդակը որ միասին խաղանք», երեխան՝ չոչ անելով, մոտենում է խաղալիքների զամբյուղին:
Երևակայություն և ստեղծագոծական մտածողություն
- Երեխան դրսևորում է երևակայության պարզագույն տարրեր:
- Կատարում է գործողություններ տարբեր առարկաների/նյութերի հետ: Մատներով սեղմելով` խաղում է խմորի հետ: Փորձում է ճմռթել, պատռել թղթի կտորը:
- Կրկնօրինակում է մեծահասակների շարժումները: Երաժշտության տակ թափահարում է ձեռքերը` նմանեցնելով պարային շարժումների:
Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ
- Երեխան կողմնորոշվում է տարածության մեջ:
- Տան մեջ տեղաշարժվում է որոշակի նպատակով: Երեխան մոտենում է դռանը` հասկացնելով, որ ցանկանում է դուրս գնալ:
- Իրեն ծանոթ միջավայրում գիտի որոշ առարկաների տեղը: Կոնֆետը փնտրում է այն տեղում, որտեղ մայրիկը սովորաբար դնում է այն:
Սոցիալ-մշակութային և կենցաղային կողմնորոշում
- Երեխան ունի գիտելիքներ իր ընտանիքի մասին:
- Ճանաչում է մոր և այլ մտերիմ մեծահասակների դեմքերը: Երբ հարցնում են, թե որտեղ է մայրիկը, հայացքով կամ ձեռքով ցույց է տալիս:
- Երեխան ճանաչում և կատարում է մանկական ստեղծագործություններ:
- Մեծահասակների ասելուց հետո երեխան կրկնում է վանկեր կամ մեկ-երկու բառ որևէ բանաստեղծությունից կամ երգից: «Ծիվ-ծիվ», «Արև-արև եկ-եկ»:
- Ակտիվորեն արձագանքում է, երբ լսում է ծանոթ մանկական երգ: Երբ տատիկը երգում է իրեն ծանոթ երգը, երեխան ժպտում է, թափահարում է ձեռքերը:
_______
*Սույն չափորոշիչները վերցված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) «Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» ձեռնարկից և հաստատված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-ն հրամանով: