Հարց`
Երեխաս սովորում է 2-րդ դասարանում: Դասապատրաստման ընթացքում նկատում եմ, որ կարդում և գրում է սխալներով: Առանձին տառերը ճանաչում է, սակայն այն տառերը, որոնք իրար նման են գրվում կամ արտասանվում, շփոթում է:
Պատասխան`
Խոսքը՝ որպես հաղորդակցման գործունեության տեսակ առաջնահերթ է և անփոխարինելի: Մարդկային խոսքը, ըստ դրսևորման եղանակի, ունի 2 հիմնական ձև՝ բանավոր և գրավոր:
Դպրոցահասակ երեխաների շրջանում հաճախ ենք հանդիպում գրի և ընթերցանության դժվարությունների: Կախված երեխայի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուրի մոտ դժվարությունները կարող են դրսևորվել տարբեր կերպ: Հարցում նկարագրվածը հիշեցնում է գրի և ընթերցանության կայուն դժվարություններ՝ դիսգրաֆիա, դիսլեքսիա:
Դիսլեքսիան, կամ ընթերցանության խանգարումը, ներառում է բառերի արտասանության, գրելու, արագ կամ բարձրաձայն կարդալու և կարդացածը հասկանալու դժվարությունները:
Հաճախ երեխան տառերն առանձին-առանձին ճիշտ է արտաբերում, բայց գրելու կամ կարդալու ժամանակ նկատվում են վանկերի կառուցվածքային սխալներ։ Հաճախ կարող են բաց թողնել առաջին կամ վերջին վանկը, արտասանությամբ կամ գրությամբ նման հնչյունները կարող են շփոթել, և այլն։
Երեխայի մոտ դժվարություն նկատելու դեպքում պետք է դիմել լոգոպեդի, քանի որ շատ կարևոր է խնդրի վաղ հայտնաբերումը: Պետք չէ մտածել, որ ժամանակի հետ երեխան ինքնուրույն կհաղթահարի դժվարությունը: Կորցրած ժամանակը երեխայի զարգացման ընթացքում ունի կարևոր նշանակություն։ Անհրաժեշտ է պահպանել նաև ծնող-մասնագետ սերտ կապը, և հետևողական աշխատանքի արդյունքում ավելի արագ կնկատվի դրական դինամիկա։
Երեխայի հետ տարվող բոլոր աշխատանքները պետք է կազմակերպել՝ հաշվի առնելով նրա տարիքային և անձնային առանձնահատկությունները։
*Հարցին պատասխանեց Մանկական զարգացման հիմնադրամի Վայքի «ԶարՄան» կենտրոնի լոգոպեդ/հատուկ մանկավարժ Վարդուհի Ղազարյանը: