«Սիրելի հայրիկ ու մայրիկ, երբ ես լաց եմ լինում, պետք չէ ամեն անգամ ծծակով փակել բերանս, ես այդպես արտահայտում եմ իմ հույզերը, դա շատ կարևոր է ինձ համար: Իհարկե, երբեմն ծծակն օգնում է ինձ հանգստանալ, խթանում է աղիներիս կծկողականությունը, և ես ավելի հեշտությամբ եմ ազատվում գազիկներից, բայց երբ ծծակը երկար ժամանակ բերանումս է, լեզվիս և շրթունքներիս մկանները կատարում են միալար շարժումներ և չեն զարգանում: Սրա հետևանքով այդ մկաններս չեն ձևավորվում, և ես, հավանական է, որ հետագայում սխալ արտաբերեմ որոշակի հնչյուններ, չկարողանամ ծամել և կուլ տալ սնունդը, ու էլի տարբեր տհաճ երևույթներ, որոնք հաստատ կմտահոգեն ձեզ:

Երբ սկսեն ծկթել առաջին ատամիկներս, և ես դեռ մոռացած չլինեմ ծծակի մասին, ատամներս կաճեն անկանոն ու ծուռումուռ: Պատկերացրեցի՞ք: Իսկ ես ուզում եմ գեղեցիկ ատամնաշար ունենալ:

Ու մի գաղտնիք բացեմ. իրականում ծծակն ինձ այդքան էլ դուր չի գալիս:

Իսկ եթե ձեզ հետաքրքում է ավելին, այդ մասին կարող եք հարցնել մասնագետներին, դրանում տարօրինակ կամ արտակարգ ոչինչ չկա»: