«Մայրի՜կ, բաց արա դուռը… տուկ-տուկ…մա՜յրիիի՜կ…
Ես ուզում եմ իմանալ, թե ինչ եք անում մեծահասակներդ, երբ մտնում եք լոգարան ու դուռը փակում: Ես էլ եմ ուզում ներս գալ… Վա՜յ, ինչ հետաքրքիր է մեծիկների գիշերանոթը, այն կպած է հատակին ու չի շարժվում: Հապա մի թող նայեմ… ա՜յ քեզ կոճակ. սեղմում ես ու ջուր է թափվում: Իսկ իմ գիշերանոթը ճամփորդում է որտեղ ասես…խոհանոցում, հյուրասենյակում, պատշգամբում…: Հետաքիքիր է` ինչու՞: Ես էլ եմ ուզում մեծերի պես խոհանոցում ուտել, ննջարանում քնել, իսկ այ, գիշերանոթս, թող մնա լոգասենյակում: Այստեղ ինձ համար ավելի հեշտ կլինի կենտրոնանալ ու արագ կողմնորոշվել անելիքիս հարցում:
Գիտե՞ս մայրիկ, երբ մի քանի օր դու ինձ ժամերով «ազատագրում» ես տակդիրից, ես այնքա՜ն հարմարավետ եմ զգում ինձ, արդեն հասկացել եմ, որ հենց որ ուզենամ կարիքներս հոգալ, անպայման պիտի քեզ կամ տատիկին նախապես ասեմ: Բայց դրանից հետո, երբ մենք երկար ժամանակ դրսում ենք մնում, դու «ապահովագրում» ես ինձ տակդիրով, ու ես հասկանում եմ, որ «գործից» առաջ կարող եմ և տեղյակ չպահել որևէ մեծահասակի: Ու հետո գիտե՞ս, այնքան տհաճ է մնալ թաց տակդիրի մեջ երկար, հատկապես շոգին… Մի՜ արա այդպես, խնդրում եմ:
Երբ սկսում եմ քիչ-քիչ ազատվել տակդիրից, ինձ նորից մի՜ սովորեցրու դրան, այդպիսով ես չեմ կողմնորոշվում, թե երբ ինչ պետք է անել:
Մի բան էլ խնդրեմ` ի՞նչ կլինի, դու ինձ վրա մի զայրացիր, երբ ես երբեմն չեմ հասցնում ասել, որ ուր որ է` կկեղտոտեմ: Առանց այդ էլ ես գիտեմ, որ դա քեզ դուր չի գալիս: Պարզապես երբեմն այնքան արագ է պատահում, որ չեմ հասցնում նույնիսկ զգալ: Դու մի զայրացիր, իսկ ես անպայման շուտով կսովորեմ ասել քեզ ժամանակին:
Գիտե՞ս, երբ դու պատժում ես ինձ դրա համար, ես նախընտրում եմ լուռ ու մունջ հոգալ կարիքս տակդիրի մեջ: Այդպես գոնե գիտեմ, որ չես բարկանա: Բայց ախր պիտի մեծանամ, չէ՞»: