«Մայրիկ ջան, ես գիտեմ, որ դու նկատել ես, որ ես շատ եմ սիրում մենակ լինել, որ դժվարությամբ եմ նայում հայրիկի աչքերին, երբ նա խոսում է ինձ հետ: Կամ որ շուտով կլինեմ 2 տարեկան, բայց դեռևս չեմ խոսում: Գիտե՞ս, այնքան էլ հավանական չէ, որ ես հորեղբորս նմանված լինեմ այդ հարցում… Որ երբեմն քույրիկի հետ ծիծաղելու փոխարեն, չեմ հասկանում ինչու` լռում եմ…Որ չեմ կարողանում արձակել վերարկուիս կոճակներն ու բռնել գնդակը, երկու ոտքով ցատկել փոքրիկ աստիճանից, չնայած նրան, որ ամռանը կդառնամ արդեն 4 տարեկան:

Չգիտեմ ինչու, բայց զգում եմ, որ հայրիկի հետ թաքուն տխրում եք այս «փշիկներից»:

Ես գիտեմ, որ դուք ինձ շատ եք սիրում, և ձեզ համար գուցե շատ դժվար է ընդունել, որ հնարավոր է, որ ես ունենամ որոշակի դժվարություններ կամ առանձնահատկություններ: Բայց ես շատ եմ ուզում, որ դուք սիրեք ինձ նաև այդ ամենով հանդերձ: Եվ սիրելով, խնդրում եմ, օգնեք ինձ, որ ես հաղթահարեմ դրանք:

Հեշտ չէ, գիտեմ, բայց այ, եթե մենք ժամանակ չկորցնենք, խոսենք այդ մասին մասնագետների հետ ու սկսենք միասին աշխատել, անպայման կկարողանանք հաղթահարել դրանք. մի բան, որ ես մենակ չեմ կարող անել…: Ես շատ կուզենամ, որ դուք հավատաք ինձ ու օգնեք: Քանի դեռ դուք իմ դժվարությունները փորձում եք չնկատել, ժամանակն անցնում է, իսկ ես մեծանում եմ, ու ինձ հետ մեծանում են նաև «փշիկները»: Մի հետաքրքիր բան ասեմ. գիտե՞ք, երբ փոքր եմ, կարծես ավելի «արագ» եմ մեծանում և ամեն օր մի նոր բան եմ սովորում: Եթե հիմա մեզ օգնեն մասնագետները, ես ամեն բան հեշտ ու արագ կսովորեմ: Այդպիսով, ես կմեծանամ, իսկ «փշիկները» կմնան փոքր և գնալով` ավելի ու ավելի կփոքրանան, հրաշալի է, չէ՞ … Միայն ահնրաժեշտ է, որ ՀԻՄԱ դուք չանտեսեք ու անուշադրության չմատնեք «փշիկները»: Սա շա՜տ կարևոր է ինձ համար, խնդրում եմ:

Ես շատ եմ ուզում, որ դուք միշտ ուրախ լինեք. այդ ժամանակ ես այնպե՜ս եմ ջերմանում…Մի գաղտնիք էլ բացեմ` եթե այդ մոխրագույն շրջանակով տխրության խոշորացույցը մի կողմ դնեք և ուշադիր լինեք, այնքա՜ն հետաքրքիր ու բազմազան երևույթներ կնկատեք իմ մեջ ու իմ շուրջը, որ կզարմանաք»: