«Մայրիկ… այ մայրիկ…. մայրիկ ջան… քեզ մի բան եմ ուզում ասել, բայց մի քիչ վախենում եմ: Ես այսօր գիշերն էլի չեմ հասկացել, թե ինչպես` թրջել եմ անկողնում: Չբարկանաս ինձ վրա, խնդրում եմ, ես չէ, էլի այն մոխրագույն գայլն էր մեղավոր: Դու նրան ճանաչում ես: Այն օրը, երբ դու ինձ վրա զայրացար ու ասացիր, որ մոխրագույն գայլն ինձ կուտի, եթե ճաշիկս չուտեմ, ես շատ սարսափելի երազ տեսա ու մինչև հիմա վախենում եմ նրանից: Հա, նա նաև խոսում է, գիտեի՞ր…

Հետո էլ, երբ չէի ուզում հագնել այդ գայլի գույնի ռետուզս, տատիկը զայրացավ ու ասաց, որ հիմա էլ չար պառավն է ինձ դնելու իր պարկի մեջ ու տանի: Օօօ, գիտե՞ս, երեկ էլ այդ պառավին տեսա փողոցում. նա էլ գայլի պես մոխրագույն էր, շա՜տ երկար ու բարակ ոտքերով, ոսկորները` ցից-ցից: Դուրս պրծած մե՜ծ աչքեր ուներ, երկար ու կեղտոտ մազեր, իսկ բերանին ու ատամներին նայելիս էնպիսի մի դող անցավ մարմնովս, որ քարացա ու սկսեցի մրսել, հետո էլ, չհասկացա, թե ինչպես թրջեցի շորերիս մեջ…: Ուսին էլ պարկ կար, մեջը` ուրիշ երեխաներ, որոնց հավաքել էր իրենց մայրիկների մոտից: Վայ, էնպե՜ս էին լացում, որ վախս ավելի մեծացավ այդ ձայներից: Բայց դրանից ավելի սարսափելին այն է, որ դուք երևի ինձ էլ չեք սիրում, թե չէ ինչու՞ պիտի տաք ուրիշներին:

Մա.. մա.. մա…մայ.. մայրիկ ջան, խ… խ… խնդրում եմ ինձ մի՜ տ.. տ… տվեք ուրիշին, ես չ.. չ.. չե՜մ դիմանա առանց ձ.. ձ… ձեզ….

Այսօր կարծես էլի մի քիչ սիրում եք ինձ: Ասում եք, որ կատակ եք արել, որ ոչ գայլը կուտի ինձ, ոչ էլ չար պառավ կա, բայց ես ԱՐԴԵՆ տեսել եմ նրանց, նրանք երկուսն էլ կան: Իսկ այդ գայլը ճիշտ քո նկարագրածի պես էր: Մի օր նրանք հաստատ գալու են իմ հետևից, ու հենց մենակ լինեմ` կտանեն… Վա՜յ, ինձ հանկարծ մենակ չթողնեք, իսկ մութ սենյակից առանց այդ էլ վախենում էի… Միայն դուք էիք սիրում ինձ, իսկ հիմա ես լրիվ մենակ եմ, ու ոչ ոք ինձ չի պաշտպանի այս սարսափելի աշխարհում: Վերջ, արդեն որոշեցի. ես էլ դուրս չեմ գա տանից, դու էլ չգնաս կողքիցս, մայրիկ, թե չէ հաստատ պառավը կգա` իր պարկն առած: Լույսը չանջատեք, խնդրում եմ, ու հեռու չգնաք, հանկարծ մենակ չթողնեք ինձ, մի րոպեն էլ բավական է, որ նրանք գան ու տանեն ինձ … Երևի անկողնուցս էլ չիջնեմ, այստեղ ավելի ապահով է: Չեմ էլ խոսի. հայրիկը խոստացավ լեզուս կտրել, եթե էլի հիշեմ գայլին կամ այն պառավին:

Վայ, ինչքան վախենալու է աշխարհը…, հիմա ես ինչպե՞ս եմ մենակ ապրելու… բա որ հանկարծ մայրիկը թողնի ինձ ու գնա՞, կամ եթե տանից վռնդե՞ն ինձ…. Վերջս կգա… ես երևի ամենից դժբախտ, մենակ ու վատ երեխան եմ… և արժանի չեմ, որ ինձ սիրեն… բայց ինչու՞ տեսնես…: Մի բան գիտեմ միայն, որ ինձ չեն սիրում ու ես բոլորովին մենակ եմ այս մեծ աշխարհում…

…Մայրիկ ջան, ես գիտեմ, որ դու չէիր էլ պատկերացնում, թե ինչ կպատահի, եթե ես իսկապես վախենամ գայլից ու վագրից,  չար պառավից, բժշկից կամ ոստիկանից, լեզուս կտրելուց կամ աչքերս հանելուց, ընկնելուց կամ թաթիկս վառելուց: Վախենամ, որ դու մի օր կթողնես ինձ ու կգնաս, կամ կտանես ինձ մանկատուն: Գիտեմ, որ հիմա դու  անհանգստացած փնտրում ես ինձ օգնելու ուղիներ, որ ես առաջվա պես վստահ ու ուրախ լինեմ, որ էլի սկսեմ վարժ խոսել ու գիշերները անկողինս չթրջեմ:

Արի մի քանի օր հետ գնանք մտովի: Երբ դու վախեցրիր ինձ ու ասացիր, որ գայլն ինձ կուտի, ես ոչ միայն հավատացի քեզ, այլև անմիջապես պատկերացրի գայլին ինձ մոտ: Վախն իր երկար ձեռքերով փաթաթվեց ինձ ամուր ու «ընկերացավ» երևակայությանս հետ: Դու գիտես չէ՞, թե որքան վառ երևակայություն ունեմ ես:

Մինչ այդ, ես մի քիչ սկսել էի վախենալ մթությունից ու մենակ մնալուց: Տարեկից ընկերներիս հետ էլ այդպես պատահեց ու հետո անցավ: Ինձ թվում էր, որ դրանցում շատ վախենալու բան չկա,  ու դու ինձ կօգնես հաղթահարել այդ «վախիկները»: Բայց երբ ասացիր, որ դու ինձ չես պաշտպանի չար պառավից ու գայլից, ես համոզվեցի, որ հենց մութն ընկնի ու ես մենակ լինեմ, նրանք կգան ինձ տանելու: Հետո, ամեն անգամ, երբ ուզում էի պատմել գայլից վախենալուս մասին, հայրիկը զայրանում էր ու մի օր խոստացավ կտրել լեզուս: Ես էլ որոշեցի էլ չխոսել, հատկապես, որ չգիտես ինչու, սկսել էի շատ տարօրինակ ձևով խոսել, ոչ այնպես, ինչպես առաջ էր:

Մայրիկ ջան, ես գիտեմ, որ հիմա մի քիչ ավելի կամակոր ու երբեմն չարաճճի եմ, չեմ լսում ձեզ, ամեն բան ուզում եմ ինքս անել, բայց ես այդպե՜ս եմ մեծանում: Դրանք փուլեր են, որով մեծանալիս անցնում են բոլոր փոքրիկները: Շատ եմ խնդրում, փորձեք ավելի համբերատար լինել, մինչև ես մի փոքր էլ կմեծանամ: Դուք ինձ հետ խոսեք, բացատրեք, սովորեցրեք զգուշանալ, բայց մի՜ վախեցրեք, խնդրում եմ: Դեռ հակառակը, օգնեք ինձ հաղթահարել այն վախերը, որոնք հնարավոր է, որ ունենամ այս տարիքում: Եթե դուք օգնեք ինձ այդ ճանապարհին, ես կմեծանամ քաջ ու խելացի, կկարողանամ լսել, հասկանալ ու վստահել ձեզ, չեմ սովորի ստել ու ամենակարևորը` վստահ կլինեմ, որ ես սիրված ու պաշտպանված եմ: Սա ինձ ավելի մեծ տարիքում կսովորեցնի սիրել ու հոգատար լինել»: