Շատերին է հետաքրքրում հարցը, թե ինչու է անհրաժեշտ բազմամասնագիտական խմբի խորհրդատվություն, եթե երեխան ունի մեկ մասնագետի խորհրդատվության և աջակցության կարիք:
Առերևույթ մեկ կոնկրետ դժվարությունը, որպես կանոն, իր հիմքում ունենում է համակցված տարբեր պատճառներ, որոնք, ոչ մասնագետի համար դժվար է նկատել կամ ենթադրել: Եվ շատ ծնողներ, երբեմն, չգիտակցելով, որ երեխան ունի նաև այս կամ այն մասնագետի կարիքը, ընտրում են միայն այն մասնագետի խորհրդատվությունը, որի հետ կապված խնդրին բախվում են իրենց առօրյայում: Սա պրոֆեսիոնալ մոտեցում չէ և չի բխում երեխայի լավագույն շահից:
Խորքային բուն պատճառներն ի հայտ բերելու համար անհաժեշտ է, որ բազմամասնագիտական խումբը* դիտարկի երեխային և զրուցի ծնողների հետ: Օրինակ, հաճախ է պատահում, երբ խոսքային խնդիրը զուգակցված է լինում ճանաչողական ոլորտի այլ խնդիրների հետ (մտածողություն, տրամաբանություն, ուշադրություն, ընկալում և այլն) որտեղ լոգոպեդից բացի, երեխայի հետ պետք է աշխատի հոգեբանը:
Կարող է պատահել, որ երեխայի վախերը կամ կախվածությունը հետևանք են նրա ցածր ինքնագնահատականի, ինչն իր հերթին բխում է ուսումնական դժվարություններից, որտեղ հոգեբանից բացի, երեխայի հետ պետք է աշխատի լոգոպեդը կամ հատուկ մանկավարժը:
Հնարավոր է, որ ընտանիքում կամ երեխայի այլ միջավայրերում (մանկապարտեզ, դպրոց, խմբակներ և այլն) առկա են որոշակի իրավիճակեր, որոնք բացասաբար են անդրադառնում երեխայի վրա: Այս պարագայում արդեն անելիք ունի սոցիալական աշխատողը: Եվ քանի որ այս դեպքերը բազմաթիվ են, երեխայի լավագույն շահից է բխում, որպեսզի նրան դիտարկեն բոլոր մասնագետները միաժամանակ, հայտաբերեն երեխայի խորքային դժվարությունները, այդուհետ միասին կազմեն երեխայի զարգացման անհատական պլանն ու աշխատեն ըստ այդ պլանի՝ փոխհամաձայնեցված, համակարգված և նպատակային: Եզակի են այն դեպքերը, երբ երեխան ունի մեկ մասնագետի միջամտության կարիք:
Սիրելի ծնողներ, խուսափելու համար ուշացած դեպքերից, երբ երեխայի դժվարությունն արդեն բավականին խորացել է, կորսված է ժամանակ, որ երբեմն անդառնալի հետևանքների է հանգեցնում, անհրաժեշտ է հետևել երեխայի տարիքային զարգացման չափորոշիչներին:
Առանձին շարքով մենք անդրադառնում ենք նաև #Զարգացման_չափորոշիչներ –ին՝ ըստ ոլորտների: Պետք է իմանալ, որ եթե երեխան դժվարանում է կատարել կամ չի կատարում առնվազն 2 ոլորտի մի քանի գործողություն, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի խորհրդատվության: Երեխայի դժվարություններին շատ կարևոր է արձագանքել ժամանակին և ոչ մի դեպքում չհետաձգել: Շատ դժվարություններ, դրանց զարգացման նախնական փուլերում, հնարավոր է կանխել ընդամենը ճիշտ ծնողավարման մի քանի խորհրդով:
Սա այն դեպքն է, երբ ավելորդ անհանգստությունն ավելի լավ է ավելորդ հանգստությունից:
Մի՛ հապաղեք դիմել մասնագետի, եթե նկատում եք երեխայի մոտ Ձեզ անհանգստացնող երևույթներ:
_____
* Մանկական զարգացման հիմնադրամի բազմամասնագիտական խմբում ներգրավված են լոգոպեդ, հատուկ մանկավարժ, հոգեբան, սոցիալական աշխատող: