1-2 տարեկան

Խոսքի և հաղորդակցման ոլորտ

Բանավոր խոսք

Խոսքի ընկալում և օգտագործում

Երեխան ընկալում է իրեն ուղղված ուրիշի պարզ խոսքը: Կատարում է մեծահասակի պարզ, ծանոթ հրահանգը: Երբ ասում են. «Այս խաղալիքը տա՛ր և տո՛ւր Էմմային», տանում և տալիս է:

Մեծահասակի խնդրանքով բերում է փոքրիկ բարձը ննջարանից:

Պատասխանում է «այո»/«ոչ» պատասխան պահանջող հարցերին:

Ցույց է տալիս այն առարկաները, որոնց մասին հարցնում են:

Երբ հարցնում են. «Ու՞ր է գնդակը», երեխան մատով ցույց է տալիս այն:

Երեխան օգտագործում է երկբառ նախադասություններ:

Օգտագործում է տեղը և/ կամ բացակայությունը ցույց տվող արտահայտություններ: «Կուկու հեսա», «Կակա չկա»:

Օգտագործում է ցանկություն արտահայտող բառակապակցություններ: «Ճաշիկ ուտի», «Պապա ավտո գնա», «Տուր», «Բեր», «Լավ», «էլի»…:

Օգտագործում է հարց արտահայտող բառակապակցություններ: . «Ու՞ր ա կակա»:

Խոսքի հնչյունաբանական և քերականական իմացություն

Երեխան փորձում է ճիշտ արտասանել մայրենի լեզվի հնչյունները:

Կրկնում է առաջարկված պարզ բառերը՝ նմանեցնելով հնչյունները: «Ասա ծիտիկ» հրահանգը ստանալիս կրկնում է. «Տի-տի» կամ «Ծի- տի»:

Երեխան տիրապետում է քերականական պարզ կանոններին:

Միտքն արտահայտում է բառերի ճիշտ հաջորդականությամբ: Ասում է. «Պապա ավտո», այլ ոչ թե՝ «Ավտո պապա»:

Հաղորդակցում

Երեխան հաղորդակցվում է մեծահասակների և հասակակիցների հետ:

Պատասխանում է իրեն ուղղված հարցին: «Այդ ու՞ր ես գնում» հարցին պատասխանում է.

«Բակ» կամ «Դուս»:

Երբ ինչ-որ բանի կարիք ունի, դիմում է ծանոթ մեծահասակին: Տատիկին ասում է. «Ջույ տույ» կամ «ձույիկ»:

Շփվում է հասակակից երեխաների հետ: Մոտենում է իրեն այցելության եկած քեռորդուն, բռնում է ձեռքը և ասում է. «Այի»:

Մոտենում է ավազների մեջ խաղացող անծանոթ երեխային, բռնում է նրա դույլը և ասում է. «Տու՛ր»:

Գրավոր խոսք

Հետաքրքրություն գրքերի և գրվածքի նկատմամբ

Երեխան հետաքրքրություն է ցուցաբերում գունազարդ գրքերի նկատմամբ:

Անկանոն թերթում է մանկական գիրքը: Հեքիաթի գիրքը թերթում է հետ ու առաջ (թերթում է տարբեր տեղերից, թերթում է մի քանի էջ միանգամից):

Հետևում է, երբ մեծահասակն իր համար «կարդում» է պատկերազարդ գիրք:

Երբ պապիկը գիրքը ձեռքին կարդում  կամ պատմում է «Երեք արջուկները» հեքիաթը,

երեխան մատով ցույց է տալիս փոքրիկ արջուկին:

_______

*Սույն չափորոշիչները վերցված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի  (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) «Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» ձեռնարկից և հաստատված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-ն հրամանով: