Սիրելի ծնող, հաճախ մենք մեր երեխաներին վերաբերվում ենք մեր փորձի, գիտելիքների, հմտությունների բարձրությունից։ Եվ, բնականաբար, երեխաներից ակնկալում ենք, որ իրենց դրսևորեն իրավիճակին համապատասխան. լռեն` որտեղ պետք է լուռ լինեն, խոսեն` որտեղ պետք է խոսեն, հասկանան, մտնեն դիմացինի դրության մեջ և այլն։ Սակայն երեխաները դեռևս չունեն այդքան փորձառություն։ Նրանք էլ, իրենց հերթին, կիրառում են տարբեր վարքաձևեր, որոնց շնորհիվ փորձում են հասնել իրենց ուզածին: Իսկ այդ վարքաձևերը երբեմն կարող են անընդունելի լինել։

Կանխարգելելու համար երեխայի անցանկալի վարքը, մենք առաջարկում ենք 7 հուշում։

  1. Երեխայի հանդեպ ցուցաբերեք այնքան ուշադրություն, որ նա ստիպված չլինի բացասական վարք ցուցաբերել` իր հանդեպ ուշադրություն գրավելու համար: Այստեղ տեղին է նշել, որ ուշադրությունը միայն երեխայի առաջնային կարիքները հոգալը չէ: Անհրաժեշտ է նրան տրամադրել ֆիզիկական ժամանակ. խաղալ նրա հետ, լսել նրան, զրուցել, միասին մուլտֆիլմեր նայել, քննարկել և այլն:
  2. Անտեսեք, եթե երեխան, դրսևորելով բացասական վարք, ցանկանում է գրավել ուշադրություն։
  3. Որպեսզի երեխան չխուսափի կատարել Ձեր հրահանգները, խրախուսեք նրան բավարար չափով։
  4. Որպեսզի երեխան համագործակցի Ձեզ հետ, սովորեցրեք օգնություն խնդրել, այլ ոչ թե խուսափել։ Օրինակ, եթե երեխան չի կարողանում ներկել պատկերը, կիսատ է թողնում և այլ զբաղմունք գտնում, սովորեցրեք նրան օգնություն խնդրել մեծահասակից և ավարտել իր գործը: «Մայրիկ, խնդրում եմ, օգնիր ինձ ներկել, ավարտել պատկերը»:
  5. Եթե երեխան ցանկանում է ստանալ ինչ-որ բան (խաղալիք, քաղցրավենիք, տատիկի տուն գնալ և այլն), և դրա համար ցուցաբերում է կամակոր վարք, ապա մի’ տրվեք նրա «սադրանքին», հակառակ դեպքում Դուք կնպաստեք տվյալ բացասական վարքի ձևավորմանն ու ամպապնդմանը:
  6. Եթե երեխան ցանկանում է ստանալ ինչ-որ բան (խաղալիք, քաղցրավենիք, տատիկի տուն գնալ և այլն), ապա բացատրեք, որ այդ ամենը նա կարող է ստանալ «աշխատանքով» (խաղալիքները հավաքել, սենյակը կարգի բերել, օգնել տնային գործերում և այլն)։ Վերը նշվածը պետք չէ շփոթել «կաշառքի» հետ։
  7. Եթե երեխային ինչ-որ բան եք խոստացել, ապա հավատարիմ մնացեք Ձեր խոստմանը, մի կարծեք, որ երեխան մոռացած կլինի կամ կարող է սխալ հասկացած լինել Ձեզ։