1-2 տարեկան
Իմացական ոլորտ
Մտածողություն և տրամաբանություն
Երեխան հետազոտում և համեմատում է առարկաները:
Oգտագործում է առարկաներն` ըստ իրենց նշանակության: Խմում է բաժակից: Կերակրում է տիկնիկին գդալով: Փորձում է երևակայական բանալիով բացել խաղալիք մեքենայի դուռը:
Ճանաչում է ծանոթ դեմքերը նկարներում: Լուսանկարի վրա մատով ցույց է տալիս մայրիկին:
Արձագանքում է իր անվանը: Երբ իր անունն են տալիս, շրջվում է:
Ցույց է տալիս մարմնի տարբեր մասերը տիկնիկի վրա: Երբ հարցնում են, թե որն է տիկնիկի քիթը/բերանը/ ոտքը և այլն, ցույց է տալիս:
Օգտագործում է առարկաները խնդիրներ լուծելու համար: Երբ խնդրում են ջուր բերել, գտնում է բաժակը և փորձում է լցնել ջրով: Կարողանում է աշտարակ կառուցել 6 խորանարդիկիներից, համարելով, որ տուն է կառուցել:
Երեխան հասկանում է իրադարձությունների հաջորդականությունը և պարզ պատճառահետևանքային կապերը:
Կրկնում է անցյալում տեսած գործողությունների հաջորդականությունը: Մայրիկի այն հարցին, թե «Գագիկն ինչպե՞ս էր ֆուտբոլ խաղում», երեխան կրկնում է նրա գործողությունները: Տիկնիկի շորերը հանում է, «կաթիկ է տալիս» և ասում է. «Նանիկ»:
Գիտի, որ առարկայի/անձի բացակայությունը չի նշանակում, որ այն/նա ընդհանրապես անհետացել է: Երբ գնդակը գլորվում է մահճակալի տակ, երեխան փորձում է հանել այն: Երբ մայրիկը գնում է խոհանոց, երեխան չորեքթաթ կամ քայլելով հետևում է նրան:
Երեխան մտապահում և վերարտադրում է որոշակի ինֆորմացիա:
Կատարում է իրեն ծանոթ պարզ գործողություններ: Երեխան վերցնում է անձեռոցիկը և մաքրում է տիկնիկի քիթը:
Կրկնում է պարզ նախադասություններ` մեծահասակի ասելուց հետ: «Ծիտիկ-ծիտիկ մոտ արի»:
Կրկնում է մեկ կամ երկու շաբաթ առաջ իր կատարած գործողությունները: Մեծահասակի խնդրանքով կրկնում է պարային շարժումները, որոնք կատարել էր քույրիկի ծննդյան օրը:
Լսում է կարճ հեքիաթներ: Երեխան մինչև վերջ լսում է «Գնդիկ-Բոքոնիկ» հեքիաթը:
Երևակայություն և ստեղծագործական մտածողություն
Երեխան դրսևորում է երևակայության պարզագույն տարրեր:
Կատարում է պարզագույն գործողություններ տարբեր առարկաների/նյութերի հետ` ինչ-որ բան սարքելու/ստեղծելու միտումով: Ձեռքի ափով բռնելով մատիտը` անկանոն գծեր է տանում թղթի վրա և ասում. «Տուն եմ նկարում»:
Երեխան փորձում է պլաստիլինից «գնդակ», «սեղան» և այլ իրեր պատրաստել:
Առարկան օգտագործում է տարբեր նպատակներով: Թղթե տոպրակը օտագործում է որպես գլխարկ: Փայտիկն օգտագործում է որպես ձի. «հեծնում և քշում է»:
Խաղալիս կատարում է նպատակային գործողություններ խաղալիքների հետ: Տիկնիկին կերակրում է երևակայական սննդով: Մեքենայով խաղալիս արտաբերում է մեքենայի շարժիչին բնորոշ աղմուկ (ղըըմ-ղըըմ):
Նմանակում է ուրիշների կատարած գործողությունները: Քայլում է զինվորի նման: Նմանակում է կենդանիների ձայները` «Հա՛ֆ, հա՛ֆ», «Բեե՜»:
Կողմնորոշում տարածության և ժամանակի մեջ
Երեխան կողմնորոշվում է տարածության մեջ:
Փնտրում է իր տեսադաշտից անհետացած առարկան: Երբ մայրիկը թաքցնում է գնդակը, փնտրում է այն:
Կողմնորոշվում է սենյակների դիրքի և դասավորության մեջ: Կատարում է «Գնա քո սենյակից արջուկը բեր» հրահանգը:
Հավաքում է 3 մասից բաղկացած աշտարակը:
Սոցիալ-մշակութային և կենցաղային կողմնորոշում
Երեխան ունի գիտելիքներ (տեղեկացված է) իր և իր ընտանիքի մասին:
Ցույց է տալիս ընտանիքի անդամներին և ասում նրանց անունները: Պատասխանում է
«Ո՞ւր է քո հայրիկը», «Ի՞նչ է մայրիկիդ անունը» հարցերին:
Երեխան ճանաչում և կարողանում է կատարել մանկական ստեղծագործություններ:
Կատարում է մանկական երեգերից բառեր կամ տողեր: Մեծահասակի օգնությամբ արտասանում է «Ծիտիկ-Ծիտիկ»-ը:
Ծանոթ մանկական երգի ձայն լսելիս ձայնակցում է: «Արև՛-արև՛, ե՛կ, ե՛կ…»:
Երեխան ունի գիտելիքների շրջապատող աշխարհի մասին:
Ճանաչում է նկարներում պատկերված մրգերը, կենդանիներին: Տարբերում է տանձը, բանանը, խնձորը: Տրված հրահանգով, նկարի վրա մատով ցույց է տալիս առնվազն 2 կենդանի` կրկնելով դրանց անունները:
_______
*Սույն չափորոշիչները վերցված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) «Ծննդից մինչև վեց տարեկա ն երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» ձեռնարկից և հաստատված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-ն հրամանով: