0-1 տարեկան

Սոցիալական, հուզական և անձնային ոլորտ

Սոցիալական զարգացում

  1. Երեխան սկսում է շփվել ծանոթ մեծահասակների և հասակակիցների հետ և հաստատել վստահության վրա հիմնված հարաբերություններ: Աշխուժանում է ծնողներին և ծանոթ մեծահասակներին տեսնելիս (ժպիտ, ակտիվ շարժումներ և ձայներ):
  2. Հաճույքով է խաղում մեծահասակների հետ: Ուրախ ձայներ է արձակում, երբ խաղում է պապիկի հետ: Կարող է լաց լինել, երբ խաղը  դադարում է:
  3. Սիրում է հայելու մեջ նայել ինքն իրեն: Հայելու կողքով անցնելիս ձգվում է դեպի հայելին և հրճվում:
  4. Ցուցաբերում է ամաչկոտություն կամ տագնապ (վախ) անծանոթ մեծահասակների ներկայությամբ: Երբ անծանոթ մեծահասակը փորձում շփվել երեխայի հետ, նա թնկթնկում է, լաց է լինում:
  5. Ցուցաբերում է անհանգստություն (տագնապ) ծանոթ մեծահասակից բաժանվելիս: Լալիս է, երբ մայրիկը կամ հայրիկը գնում են:
  6. Հանգիստ և ապահով է զգում, երբ մտերիմ մեծահասակը իր տեսադաշտում է: Աշխույժ խաղում է, երբ հարազատները, կամ տան անդամներն իր կողքին են:
  7. Մեծահասակներին ներգրավում է իր փոխգործուն խաղերի (շփումների) մեջ: Մեկնում է խաղալիքը մեծահասակին, որ նա լարի  այն:
  8. Ներգրավվում է փոխգործուն շփումների կամ խաղերի մեջ: Խաղում է «Խնոցի- հարոցի», «Ծիվ-ծիվ» խաղերը:
  9. Օգտագործում է շարժումները և դիմախաղը` հաղորդակցվելու համար: Ձեռքով դիպչում է/հրում  է ուշադրություն գրավելու համար: Ձեռքերը պարզում է, որ  գրկեն: Ձեռքը թափահարելով` հրաժեշտ է տալիս:
  10. Նկատում և արձագանքում է ուրիշ երեխաներին: Երբ զբոսանքի ժամանակ հանդիպում է այլ երեխայի, մեկնում է ձեռքը կամ  քայլում է դեպի նա:

Սոցիալական վարք

  1. Երեխան սկսում է դրսևորել ինքնակառավարման հմտություններ: Ինքն իրեն զբաղեցնում է կամ հետաքրքրություններ է գտնում: Ճանաչում է իր խաղալիքները և ինքնուրույն խաղում դրանցով: Հաճախակի փոխում է գործողությունները/ զբաղմունքը: Արջուկով խաղալուց հետո վերցնում է գնդակը:
  2. Երեխան սկսում է դրսևորել ինքնուրույնություն:   Փորձում է կատարել ինքնուրույն գործողություններ` ուտել, քայլել, վերցնել ինչ-որ բան (թեև դեռ օգնության կարիք ունի): Մեկնում է ոտքը կամ ձեռքը, երբ իրեն հագցնում են: Փորձում է իր ձեռքով (մատներով) ուտել:

Անձնային զարգացում

  1. Երեխան սկսում է ցուցաբերել սեփական անձի և ուրիշների մասին իմացություն: Երբ տալիս են իր անունը, արձագանքում է շարժումով կամ ձայնով: Շրջվում է կամ հրճվում է, երբ լսում է իր անունը:
  2. Ուսումնասիրում է իր մարմինը: Բռնում է իր ոտքերի թաթերը, ուսումնասիրում է իր ձեռքերը:
  3. Ուսումնասիրում է ուրիշների դեմքերը, մարմնի մասերը: Դիպչում է խնամողի մազերին, շոշափում է ձեռքը:
  4. Երբ խնդրում են, ցույց է տալիս իր մարմնի առնվազն 2 մասերը: Մատնացույց է անում իր բերանը, երբ հարցնում են. «Ու՞ր է Տիգրանիկի բերանը»:

Հուզական զարգացում

  1. Երեխան սկսում է արտահայտել և ճանաչել հիմնական հույզերը:
  2. Անծանոթ միջավայրում դրսևորում է վախ կամ զգուշանում է: Անծանոթ միջավայրում հյուրընկալվելիս, նստում է մոր գրկում կամ բռնում է նրա ձեռքը: Եթե մոր գրկում չէ, ապա անվտանգ և ապահով զգալու համար հաճախ նայում է նրա կողմը:
  3. Արտահայտում է իր զգացմունքները ձայներով կամ շարժումներով: Երբ զայրանում է` բարձր գոռում է կամ լալիս է: Սիրած կերակրատեսակը ստանալու դեպքում աշխուժանում է (ծիծաղում է, ժպտում է, ծափ է տալիս):
  4. Արձագանքում է ուրիշների հույզերին: Սկսում է լաց լինել, երբ լսում է, որ ուրիշ մի երեխա լալիս է:
  5. Երեխան հուզականորեն արձագանքում է երաժշտական գործիքներով, մարդկային ձայնով կատարած երաժշտությանը: Կատարում է աշխույժ շարժումներ կամ արձակում է ձայներ երաժշտություն լսելիս:

_______

*Սույն չափորոշիչները վերցված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի  (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) «Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» ձեռնարկից և հաստատված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 22-ի N 24-ն հրամանով: