«Սիրելի մայրիկ ու հայրիկ, տատիկ ու պապիկ, հորաքույր-մորաքույներ ու բոլոր մեծիկներ ջա՜ն, ես գիտեմ, որ դուք ինձ շատ եք սիրում:
Բայց երբեմն մի քիչ ավելի ավելի շատ գիտեմ, քան` զգում եմ…դե մի քիչ…, դե երբեմն:
Ես մտածում եմ, որ երբ դուք արագ-արագ կերակրում կամ հագցնում եք ինձ` ինչպես տիկնիկի ու հաճախ նույնիսկ չեք էլ խոսում ինձ հետ, հավանաբար մտքներովդ էլ չի անցնում, թե ես որքա՜ն եմ ցանկանում ինքս իմ ձեռքով ուտել ապուրը կամ հագնել բլուզս: Հավանաբար նաև չգիտեք, թե ինչքան անհրաժեշտ են ինձ դրանք: Գիտեմ, որ երբեմն մտածում եք, թե դեռ փոքր եմ, ու ինքնուրույն չեմ կարող, բայց դուք խրախուսե՜ք, որ ես փորձեմ, օգնեք, եղեք մի փոքր համբերատար և կտեսնեք, թե ինչե՜ր կարող եմ անել:
Երբ դուք ինձ համար կամ իմ փոխարեն անում եք բաներ, որոնք ես ինքս պետք է սովորեմ անել, ես դառնում եմ ծույլ ու չնախաձեռնող: Կարծում եմ, որ դա է ճիշտը և որ հենց այդպես էլ պետք է լինի: Ու հետագայում էլ միշտ որևէ մեկը պետք է իմ գործն անի իմ փոխարեն: Ես չեմ ուզում լինել ծույլ ու անկարող: Խնդրում եմ, օգնեք ինձ լինել աշխատասեր ու հոգատար, նախաձեռնող ու նաև` հաջողակ:
Հիմա, երբ դեռ փոքր եմ, ձեզ համար հավանաբար ավելի հեշտ է շատ բան անել իմ փոխարեն. այդպես ավելի արագ է: Բայց երբ ես մի փոքր մեծանամ, այս ամենը խանգարելու չափ ակնառու կդառնա ձեզ համար, այդ ժամանակ արդեն հնարավոր չի լինի «հետ դառնալ» ու անել այն, ինչ կարող ենք անել այսօր: Դուք մի՜ զայրացեք, երբ ես ուզում եմ ինքս ուտել ճաշիկն ու թափում եմ ապուրը գոգնոցիս կամ հատակին: Փորձեք փոքր-ինչ ավելի համբերատար լինել, երբ խաղալով ու թարսուշիտակ հագնում եմ շորերս: Խոսեք ինձ հետ, զրուցեք, օգնեք, որ ինքնուրույն անեմ և սովորեմ: Մի՜ հավաքեք խաղալիքներս իմ փոխարեն, օգնեք, որ սովորեմ ինքս անել դա: Երբ մի փոքր էլ մեծանամ և դեռևս սովորած չլինեմ, որ իմ գործերը ե՛ս պիտի անեմ, արդեն շատ ավելի դժվար կլինի և՛ իմ, և՛ ձեզ համար: Ես չեմ կարողանա ինքնուրույն անել դասերս, հագնել շորերս, վերցնել բաժակն ու ջուր խմել: Գիտե՞ք, հնարավոր է, որ մարդիկ, ու նույնիսկ մասնագետները, թյուրիմացաբար կարծեն, թե ես զարգացման որևէ առանձնահատկություն ունեմ: Պատկերացնո՞ւմ եք, որ 4-5 տարեկանում դեռևս ինքս չկարողանամ ուտել ապուր կամ հագնել կոշիկներս…: Այ այստեղ կսկսվի բարդ պատմությունների մի նոր շղթա…: Գուցե մեկ այլ անգամ այս մասին էլ մի քանի փոքրիկ հուշում անեմ:
Իսկ հիմա մի բան էլ ասեմ: Սիրելի մայրիկ ու հայրիկ ջան, երբ դուք հարկ եղածից ավելի եք անհանգստանում ինձ համար և ուզում եք նախօրոք պաշտպանել ինձ հնարավոր բոլոր արտաքին ազդակներից ու խոչընդոտներից, ես չեմ հասցնում «ծանոթանալ» այդ խոչընդոտների հետ ու չեմ սովորում հաղթահարել դրանք: Մայրիկ ջան, դու մի կարծիր, օրինակ, որ եթե ապուրի մեջ փոքրիկ բրնձի կամ կարտոֆիլի կտորներ լինեն, դրանք կվնասեն ինձ: Ես արդեն ատամիկներ ունեմ, ու սովորում եմ ծամել-մանրացնել կուլ տալուց առաջ: Մի՜ շտապեցրու ինձ ուտելիս, օգնիր սովորել այդ փոքրիկ քայլերն ու վստահ լինել իմ ուժերին: Կամ մի վախեցիր, թե կմրսեմ, երբ դրսում փոքրիկ քամի կամ բարակ անձրև է: Մենք ընկերներ ենք ու ես սիրու՜մ եմ խաղալ նրանց հետ:
Գիտեմ, իհարկե, որ հիմա ես ձեզ պես զգույշ, խնամքով ու արագաշարժ չեմ, բայց և չեմ էլ կարող լինել, եթե մի օր չսկսեմ սովորել: Դրա համար ինձ շատ են պետք ձեր համբերությունն ու սերը: Երևի հենց դրա համար են մայրիկներն աշխարհի ամենահամբերատարը ու հայրիկներն` ամենաներողամիտը: Իսկ ձեր Սերն Իմ փոքրիկ աշխարհը ջերմ ու լուսավոր պահող Արեգակն է»:
